ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Իմ լռությունը

Իմ լռությունը
25.04.2025 | 13:10

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Իմ լռության մեջ

Մուշ ու Սասունի, Արցախ աշխարհի

մռնչյունը կա,

լեռ ու քերծերիս որոտմունքը կա,

ճաքերի միջից ծաղիկ տվող հողիս՝

իր ներսում խեղդած հառաչանքը կա...

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Իմ լռության մեջ

Ղազանչեցոց զանգի աղաղակը կա,

Դադիվանքի զանգի մեծ ցասումը կա,

դավված, անպատվված երկնաթագ Շուշիի

վրեժով լեցուն հևաշունչը կա,

ու անճրագ մնացած հազար-հազար տան

սևավորված մայրերի հեծեծանքը կա...

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Իմ լռության մեջ

Տավուշի շվարած անզորությունը կա,

Տագնապած Սևանի լուռ խռովքը կա,

չծնկող Սյունիքի բռունցքվելը կա,

ու հաշմված տղաների վրեժվելը կա...

Ես այսօր լռել եմ...

Թողել եմ ՝ խոսի իմ լռությունը...

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ